Ապագա բժիշկն ու օլիմպիական կարատեում Հայաստանի պատմության առաջին մեդալակիրը․ Անիտա Մակյան

25 Հունիսի 2023, 08:16

Սպորտ

Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի երկրորդ մեդալը նվաճեց կարատեիստ Անիտա Մակյանը՝ աննախադեպ արդյունք գրանցելով Հայաստանի կարատեի պատմության մեջ:

Անիտան առհասարակ առաջին հայ մարզուհին էր, որ ներկայացնում էր կարատեն նմանօրինակ մեծամասշտաբ մրցաշարում՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերում, ու դարձավ նաև առաջին մեդալակիրը, գրում է ArmSport.am-ը։

Մարզուհու խոսքով՝ մեդալը երկար սպասված ու նաև սպասելի էր:

«Շատ սպասված մեդալ էր: Շատ անգամներ տարբեր մրցաշարերում շատ մոտ եմ եղել մեդալի, բայց մի փոքր չի հերիքել: Վերջապես մեդալ ունեմ ու շարժվելու եմ առաջ: Եթե անկեղծ, սպասում էի, որ մեդալ կնվաճեմ, քանի որ երկար ճանապարհ էի անցել, լավ նախապատրաստություն էի անցել: Գիտեի, որ արդեն ժամանակն էր: Նպատակս աշխարհի վարկանիշում համար մեկը լինելն է: 2024 թվականի Օլիմպիական խաղերում կարատեն ընդգրկված չէ, բայց հուսամ՝ 2028-ի Խաղերում ընդգրկված կլինի, ու կկարողանամ նաև Օլիմպիական խաղերին մասնակցել»,- ասում է Անիտան՝ խոսելով սպորտում իր նպատակների մասին:

Ամփոփելով Եվրոպական խաղերը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիրը նշում է՝ մրցակցությունը բավական մեծ է եղել՝ աշխարհի ու Եվրոպայի տիտղոսակիր մարզիկների հետ:

«Մրցաշարը բավական բարդ ստացվեց, քանի որ մրցակիցներս աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ էին:Դժվար մարտեր ստացվեցին, ու դժվարությունը կայանում էր նաև նրանում, որ նախապատրաստական լուրջ փուլ էինք անցել՝ ԱՄՆ-ում և Մարոկկոյում մասնակցելով մրցաշարերի: Առաջին մենամարտում հաղթեցի Իսպանիայի ներկայացուցչին, որը Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիրն էր:

Ի դեպ, Եվրոպայի առաջնությունում հենց իրեն պարտվել էի ու ինչ-որ առումով նաև սա ռևանշ մենամարտ էր: Առաջնությունը հենց Իսպանիայում էր անցկացվում ու մրցավարական կողմնակալությունն ակնհայտ էր:

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Շատ բարդ մենամարտ ստացվեց այստեղ ու շատ կարևոր էր հենց հաղթանակով մեկնարկելը: Այնուհետև, 3-0 հաշվով հաղթեցի ուկրաինացի մարզուհուն, որն աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն էր, ու խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ դուրս եկա կիսաեզրափակիչ»,- պատմում է Անիտա Մակյանը:

Նախքան կիսաեզրափակիչ դուրս գալը՝ Անիտան պարտվել է միայն Ադրբեջանը ներկայացնող ուկրաինացի մարզուհուն, որն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն ու աշխարհի գործող կրկնակի չեմպիոն է, և Եվրոպական խաղերում էլ ի վերջո դարձել է ոսկե մեդալակիր: Կիսաեզրափակչում հայ մարզուհին մենամարտել է Եվրոպայի գործող չեմպիոն, շվեյցարացի մարզուհու հետ և զիջելով մրցակցին՝ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Անիտայի խոսքով՝ մրցակցությունը բավական մեծ է եղել:

«Յուրաքանչյուր քաշում 8 մարզիկ էր մասնակցում՝ ներառյալ հյուրընկալող երկրի ներկայացուցիչը: Բոլորը տիտղոսակիր մարզիկներ էին, կամ՝ ունեին առավելագույն վարկանիշ: Այս խաղերին մասնակցելն արդեն իսկ դժվար էր, ինձ մոտ դա հաջողվեց որպես երկրի լավագույն վարկանիշ: Մեր մարզաձևը բավական մրցունակ էր, հատկապես իմ քաշային կարգը, քանի որ աշխարհի գրեթե բոլոր մեդալակիրները ներկայացնում էին Եվրոպա մայրցամաքն ու մասնակցում էին այս Խաղերին: Այս առումով դժվարությունը մեծ էր»:

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Եվրոպական խաղերից հետո այս տարվա ամենակարևոր մրցաշարն Անիտայի համար մեծահասակների աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և այս տարի կկայանա հոկտեմբերին Բուդապեշտում:

«Մինչ այդ նաև վարկանիշային կարևոր մրցում ունեմ, կոչվում է Պրեմիեր լիգա, և մասնակցում են աշխարհի թոփ-100 կարատեիստները, իսկ ես վարկանիշային սանդղակում 47-րդն եմ: Օգոստոսին էլ կկայանան ԱՊՀ խաղերը, որին ևս նախատեսում եմ մասնակցել»,- ասում է մարզուհին:

Նրա խոսքով՝ օլիմպիական կարատե մարզաձևում Հայաստանի պատմության առաջին մեդալն իր համար մեծ նշանակություն ունի. «Կարատեի տարբեր ոճեր կան Հայաստանում, որտեղ բազմաթիվ մեդալակիրներ կան, բայց օլիմպիական կարատեում սա առաջին նվաճումն էր: Ինչու այսքան ժամանակ մեդալ չէր եղել, որովհետև մեր մարզաձևում մրցակցությունը շատ մեծ է, իսկ մեդալ նվաճելը շատ դժվար: Տարբեր ոճեր կան, որոնք ինչ-որ առումով արժեզրկում են օլիմպիական կարատեում մեր հաղթանակները»:

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Անիտան 6 տարեկանից զբաղվում է կարատեով հոր՝ Արման Մակյանի գլխավորությամբ: Մակյանների ընտանիքն առհասարակ սպորտային է. Անիտայի կրտսեր եղբայրը՝ Դավիթը, ևս կարատեիստ է: Անիտան և Դավիթը Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ են: Անիտան 5-րդ կուրսի ուսանող է: Ասում է՝ դժվարությամբ, բայց ստացվում է համատեղել ուսումն ու սպորտը:

«Հենց այս մրցումից հետո էլ Հայաստան վերադառնալուս հաջորդ օրը մասնակցելու եմ պետական ավարտական քննության: Փորձում եմ ամեն ինչ անել համատեղելու համար: Ատամնաբուժությունը շատ սիրում եմ: Առհասարակ բժշկական համալսարանն ինձ շատ բան է տվել:

Բացի այն, որ ես լավ կրթություն եմ ստացել, նաև շփման մեծ շրջանակ եմ ունեցել: Բժշկական կրթությունս ինձ նաև օգնել է սպորտային կարիերայում՝ հասկանալու դիետաները, կամ այն, թե ինչպես է աշխատում մկանը: Գիտական առումով եմ փորձել մոտենալ ու դա ինձ շատ է օգնել: Այդուհանդերձ, ապագաս տեսնում եմ սպորտում: Թեև կանեմ ամեն ինչ կրթությունս շարունակելու համար, քանի որ դա իմ կյանքի մի մասն է դարձել»,- խոստովանում է մարզուհին:

Հիշեցնենք՝ Անիտա Մակյանը լեհական Բելսկո-Բիալա քաղաք է մեկնել ՀԿԱՖ նախագահ Վազգեն Հարությունյանի և անձնական մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ: