Անկարան 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ. Մարիա Զախարովան` Էրդողանին

20 Հուլիսի 2023, 13:47

Քաղաքականություն

Անկարան 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ, որի հիման վրա էլ ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները պետք է 2025 թ. դուրս գան Լեռնային Ղարաբաղից:

«Հենց այս փաստաթղթում հստակ ուրվագծվում է ինչպես խաղաղապահ կոնտինգենտի մնալու ժամկետները, այնպես էլ հաջորդ հինգ տարվա համար դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը։ Հիշեցնեմ՝ ռուս խաղաղապահները շարունակում են կայունացնող կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է: Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունը հիմա էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ` տարածաշրջանային խաղացողների շահերից, այդ թվում՝ Անկարայի»,- ասել է Մարիա Զախարովան:

Էրդողանը, հիշեցնենք, ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում հուլիսի 12-ին, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, հույս էր հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտականություններին եւ ռուս խաղաղապահները 2025 թ.-ին կլքեն Լեռնային Ղարաբաղը: Իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով, որը, սակայն, կարող է երկարաձգվել եւս 5-ամյա ժամկետով, եթե կողմերից մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի դրա չեղարկման մտադրության մասին:

Հիմա եթերում