Անկարան աջակցություն կհայտնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրին. դիվանագիտական աղբյուր

17 Հոկտեմբերի 2024, 16:15

Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման ժամանակ, որին կմասնակցեն Հայաստանի և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը, կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Անկարայում։

«Սպասվում է՝ իր ելույթում նախարար Ֆիդանը կհայտարարի այն մասին, որ Անկարայի ջանքերն ուղղված են խաղաղության և կայունության հաստատմանը Կովկասում։ Սպասվում է, որ շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման առավել արդյունավետ միջոցն է։ Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ հայտարարության տեքստում նախատեսվում է նաև շեշտը դնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա։