Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
11 Մարտի 2024, 11:37
Թուրքիան իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, հայտնել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի ԶՈւ-ն մտադիր է խոշորածավալ ցամաքային ռազմական գործողություն կատարել Իրաքի հյուսիսում երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, ձեռք է բերվել համապատասխան համաձայնություն Բաղդադի վարչակազմի հետ, ավելի վաղ տեղեկացրել էր Hürriyet թերթը։
«Երբ խոսքը մեր երկրի անվտանգության մասին է, մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրի եւ կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիայի Հանրապետությունը մեծ պետություն է։ Մենք չենք ենթարկվել եւ չենք ենթարկվի որեւէ մեկի հրամանին»,- հայտնել է Գյուլերը Hürriyet թերթին՝ խոսելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին Թուրքիայի խոշորածավալ տրանսսահմանային գործողությանը։