Անկարան կարող է հասնել հանրաքվեի, որպեսզի Իդլիբն ու Հալեպը միանան Թուրքիային. Մհեր Աբրահամյան

19 Դեկտեմբերի 2024, 21:30

Քաղաքականություն

Թուրքիան իր «դեմոկրատական» մեթոդներով կարող է հասնել նրան, որ Սիրիայի բնակչությունը նրան ընդունի փրկչի կերպարով: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը:

«Թուրքիան երբ սկսեց իր գործողությունները Սիրիայում, առաջին իսկ օրվանից պարզ էր՝ Էրդողանը նպատակ ունի յուրացնել այն: Քանի որ հիմա աշխարհակարգը, միջազգային հարաբերություններն ու իրավական համակարգն այլ է, Էրդողանը փորձում է այլ ճանապարհներով յուրացնել Սիրիան: Նա ՄԱԿ-ի տարատեսակ ժողովների, հանդիպումների ժամանակ հայտարարում է, թե ցանկանում է Սիրիան լավ պետություն դարձնել, բայց նրա հաջորդ հայտարարություններում տեսնում ենք նկրտումներ, նեոօսմանական գաղափարախոսության առաջադրում: Իսկ Սիրիայի պարագայում Թուրքիան ունի նման փորձ և կարող է այսպես կոչված «դեմոկրատական» մեթոդներով հասնել նրան, որ այսօրվա Սիրիայի բնակչությունը Թուրքիային ընդունի փրկչի կերպարով և այն կարողանա հասնել Հալեպում հանրաքվեի անցկացման, ինչի արդյունքում էլ Իդլիբն ու Հալեպը կմիանան Թուրքիային:

Սիրիայի պարագայում գործում է դասական նեոօսմանական քաղաքականությունը, այն դրվել է 80-ական թվականներին Թուրգութ Օզալի կողմից, որի հետևորդն է Էրդողանը: Նույն Թուրգութ Օզալի պանթյուքիստական ծրագրերը կտեսնենք «Զանգեզուրի միջանցքի» և Հայաստանի պարագայում»,- նշել է թուրքագետը:

Աբրահամյանի խոսքով՝ Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցածը թուրք-իսրայելական համագործակցության արդյունք է:

«Ես կարծում եմ՝ Սիրիայում տեղի ունեցավ թուրք-իսրայելական համագործակցություն, որի արդյունքում Թուրքիան կարողացավ հասնել Ասադի իշխանության անկմանը և այնտեղ իր ուժերի տեղակայմանը: Իսկ Իսրայելն օգտվեց այս առիթից և կարողացավ գրավել այն բարձունքները, որոնք ցանկանում էր գրավել դեռ 1970-ական թթ-ի սկզբից, երբ Ասադի հայրը եկավ իշխանության և Սովետական միության օգնությամբ կարողացավ զինադադարի հասնել Իսրայելի հետ: Ասադի անկումից անմիջապես հետո Իսրայելը չեղյալ հայտարարեց բոլոր պայմանագրերը և գրավեց իրեն անհրաժեշտ բարձունքները: Ըստ իս՝ այստեղ Թուրքիան համագործակցել է Իսրայելի հետ, և հետագայում կտեսնենք՝ կշարունակվի՞ համագործակցությունը նրանց միջև, թե՞ ոչ, քանի որ երկուսի հեռահար նպատակները սիրիական տարածքի բզկտումն է, սեփական տարածքների ընդլայնումն ու անվտանգության տարատեսակ գոտիներ ստեղծելը»,- եզրափակել է Աբրահամյանը: