Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը կոչ է արել Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել

23 Մարտի 2025, 22:23

Քաղաքականություն

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը կոչ է արել Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված իրավիճակի ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Յավաշի խոսքով՝ եթե Իմամօղլուի ձերբակալությունը չլիներ, ապա այդքան մեծ մասնակցություն չէր լինի Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության փրայմերիզին՝ հավանական արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուի որոշման հարցում:

Նա ընդգծել է, որ արտահերթ ընտրությունների ժամանակն արդեն եկել է։

Մինչ այդ Իմամօղլուն X սոցցանցի իր էջում կոչ էր արել բնակչությանը կիրակի օրը զանգվածային ցույցերի դուրս գալ։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետին՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդներից մեկին: Քաղաքական գործչին մեղադրում են կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության մեջ։ Ինքը՝ Իմամօղլուն հերքում է բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ ահաբեկիչների հետ կապը։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ, մարտի 22-ից ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար: