Անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ առաջին հերթին պատասխանատվություն ունի Արցախի նախագահը. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

10 Օգոստոսի 2023, 17:50

Քաղաքականություն

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը անդրադարձել է ԱՀ նախագահի վերջին հարցազրույցին.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը կարևոր շեշտադրումներ էր պարունակում: Հայաստանի Հանրապետությանը, Սփյուռքին, Ռուսաստանի Դաշնությանը, միջազգային տարբեր դերակատարներին հասցեգրված կոչերը, անշուշտ, տեղին էին:

Նշված բոլոր դերակատարները պարտավորություններ ու անելիքներ ունեն և, ակնհայտ է, որ նրանց անգործության կամ ձեռնարկված ոչ բավարար քայլերի հետևանքով է այսօր Արցախն այս իրավիճակում հայտնվել:

Բայց այս իրավիճակում, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, պարտավորություններ, անելիքներ ու ամենակարևորը, պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի Հանրապետության նախագահը:

Ծանրագույն շրջափակումն ու ներկայիս պաշարումը պահանջում են ճիշտ մշակված ճգնաժամային կառավարում բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական խնդիրների լուծումից, պետական պահուստների կառավարումից մինչև աղբահանություն ու բնակչության տարրական կենսական կարիքների բավարարում:

Որքան բարդ է իրավիճակը, այնքան այն ավելի շատ ջանքերի, մտքի գերլարում է պահանջում, դա անվիճելի է: Պահանջում է ուսումնասիրել շրջափակման իրավիճակներում հայտնված երկրների ու քաղաքների փորձը, քննարկել բոլոր տարբերակներն ու առաջարկները, ներգրավվել բոլոր կարող ուժերին ու փորձել գտնել ամենառացիոնալ լուծումները: Պահանջում է մշակված գործողությունների հետևողական ու հաջորդական իրականացում, համակարգային ու թափանցիկ աշխատանք, բացառիկ կարգապահություն ու խիստ մոտեցում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանի սահմանված կարգը:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն ամիսներ առաջ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Արցախի նախագահին: Եթե գոնե դրանցից մի քանիսն այս ընթացքում իրականացված լինեին, հիմա ներսում մի շարք կարևոր հարցեր կարող էին լուծում ստանալ կամ այսպիսի սուր դրսևորում չունենալ: Մինչդեռ տպավորություն է, որ այս բարդագույն վիճակում ամեն ինչ թողնված է ինքնահոսի:

Եթե հայտարարվում է, որ մեր նպատակը հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարն է, ապա մենք ամեն ինչ, ամեն մի՝ անգամ փոքր ռեսուրս պետք է ուղղենք մեր ժողովրդին այդ նպատակի համար երկարաժամկետ պայքարի պատրաստելուն և ո՛չ միայն պատրաստելուն, այլև դրա համար պայմաններ ստեղծելուն: Վստահ ենք, որ դա հնարավոր է: Մենք միակ ժողովուրդը չենք, որը հանուն իր արժանապատվության նման զրկանքներ է կրում: Եվ մենք չենք կարող դառնալ այն միակ ժողովուրդը, որը անփույթ գտնվեց իր գլխավոր իրավունքը պաշտպանելու հարցում:

Եթե նախագահի հայտարարած խոսքն իսկապես համապատասխանում է իրական ցանկությանը, ապա պետք է կատարվեին և կատարվեն հստակ քայլեր: Հենց խոսքի և գործի համապատասխանությունն է ցույց տալիս նպատակի իսկությունը: Իսկ երբ հնչում է մի բան, բայց հասկանալի ու տեսանալի գործողություններ չեն արվում այդ հնչեցված խոսքն իրականություն դարձնելու համար, նշանակում է գործ ունենք իմիտիացիայի հետ։

Ուստի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչպես է տեսնում Արցախի պաշտպանությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակի իրականցումը, ինչ քայլեր են ձեռնարկվելու դրա համար, և չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց։

Հակառակ դեպքում մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և հնարավոր ու անհնար ամեն ինչ անելու ենք`ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին հասնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Հիմա եթերում