Աննա Բոհիգյանի «Շախմատի խաղը» մոնումենտալ ինստալյացիան կցուցադրվի Տորոնտոյում
28 Հոկտեմբերի 2023, 11:27
Աննա Բոհիգյանը հայկական ծագումով եգիպտացի նկարչուհի է, որն իր աշխատանքներում ուսումնասիրում է մշակութային գաղափարները եւ բռնակալական ռեժիմների հետեւանքով առաջացած սոցիալական ցնցումները:
Լյուդվիգի թանգարանի Ժամանակակից արվեստի միության կողմից նա վերջերս ստացել է արվեստի աշխարհի խոշորագույն մրցանակներից մեկը՝ Վոլֆգանգ Հանի մրցանակը։
Նրա՝ «Շախմատի խաղը» (2022–2023) մոնումենտալ ինստալյացիան կրկին ուշադրության կենտրոնում է՝ այս անգամ Տորոնտոյի Ժամանակակից արվեստի Power Plant պատկերասրահում՝ «Փոփոխության ժամանակը» խորագրի ներքո: Բոհիգյանը սովորական շախմատային խաղաքարերը փոխարինել է իշխանության համար պայքարող միեւնույն եւ հակառակ գաղափարներ ունեցող պատմական դեմքերով:
Թղթի վրա արտահայտիչ մանրամասներով նկարված արվեստի գործերը ներկայացնում են շախմատային ֆիգուրներ՝ պատկերելով կայսրությունների վերելքն ու անկումը եւ այն դերը, որը խաղացել է յուրաքանչյուրը աշխարհի ձեւավորման գործում: «Շախմատի խաղը» ինստալյացիան առաջին անգամ ցուցադրվել է 2022 թվականին՝ Վենետիկի KUB-ում, իսկ նույն տարվա աշնանը՝ Ավստրիայի Kunsthaus Bregenz-ում։
«Բռնապետական ռեժիմների եւ պահպանողական կառավարությունների գլոբալ վերելքի պայմաններում, որոնք խախտում են ազատությունը, Բոհիգյանի աշխատանքը ընդգծում է պատմական ամնեզիայի խնդիրը եւ իշխանությունը տապալելու համար պահանջվող ընդհանուր ջանքերը»,- style.news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է պատկերասրահի հայտարարության մեջ:
Ցուցահանդեսը Տորոնտոյում բաց կլինի մինչեւ 2024 թվականի հունվարի 7-ը։