Աննա Հովսեփյանը ընտրվել է Բրյուսելի Ջեթի քաղաքային ավագանու անդամ
17 Հոկտեմբերի 2024, 14:25
Բելգիահայ երիտասարդ քաղաքական գործիչ Աննա Հովսեփյանը Բելգիայում ավարտված տեղական ինքնակառավարման ընտրություններում «MR VLD Jette» կուսակցության ընտրացուցակով ընտրվել է Բրյուսելի 18 քաղաքային խորհուրդներից մեկի՝ Ջեթի(Jette) քաղաքային խորհրդի անդամ: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից:
«Ես հպարտ եմ հայտարարելու իմ ընտրվելու մասին Ջեթի(Jette) քաղաքային խորհրդում՝ մեր ցուցակի երրորդ լավագույն միավորով, մեր նախարար Սվեն Գատցից և մեր առաջին ավագանի Ջենիֆեր Գեսքյերից հետո: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, անկախ նրանից՝ դուք քվեարկել եք իմ օգտին, խոսել եք իմ մասին, թե պարզապես հավատացել եք ինձ: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Սվեն Գատցին, Ջենիֆեր Գեսկիերին, Էրեն Գյուվենին և Ջեֆրի Կայպերսին վստահության և նվիրվածության համար։
Շնորհավորում եմ բոլոր ընտրյալներին ու թեկնածուներին այս մեծ քարոզարշավի համար»,- գրել է Աննա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Բելգիայում ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր 42 հայ թեկնածու։ Նրանք պայքարում էին տեղական խորհուրդների ավագանիների անդամ դառնալու համար։