Աննա Մելիքյանի ֆիլմը մրցանակի է արժանացել երեք անվանակարգում

17 Ապրիլի 2025, 13:40

Հայեր | Մշակույթ

Մոսկվայի «Խուդոժեստվեննի» կինոթատրոնում տեղի է ունեցել «Action» մշակութային և բարեգործական հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակի է արժանացել նաև ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը։

Նրա «Անդրոմեդա» կարճամետրաժ ֆիլմը ճանաչվել է լավագույնը, իսկ Մելիքյանը՝ «Լավագույն ռեժիսոր»:

«Այստեղ ամենակարևորն այն է, որ բացի կինոքննադատներից և մասնագետներից, քվեարկում են նաև շահառուներն ու հիմնադրամների աշխատակիցները։ Դրա համար էլ մեզ շատ, շատ հաճելի է այս տարի ստանալ միանգամից երեք գլխավոր մրցանակ մեր փոքրիկ «Անդրոմեդա» ֆիլմի համար՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասան»(Տիմոֆեյ Տրիբունցև)»,- նշել է Աննա Մելիքյանը:

Աննա Մելիքյանը նաև մեկ միլիոն ռուբլի է ստացել և հայտնել, որ այդ գումարը կբաժանի երկու բարեգործական հիմնադրամների միջև՝ Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամի, որը 17 տարի զբաղվում է մանկական ուռուցքաբանության խնդիրներով և «Մեծ փոփոխություն» հիմնադրամի, որն արդեն 22 տարի օգնություն է ցուցաբերում ծնողազուրկ երեխաներին։