Անուն, որը դարձավ սպորտի պատմություն. Ալբերտ Ազարյան
11 Փետրվարի 2026, 23:35
Ալբերտ Ազարյանը (1929-2023 թթ.) հայկական և խորհրդային մարմնամարզության լեգենդ է, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ում անունը դարձլ է ուժի և վարպետության խորհրդանիշ:
Ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում (այժմ՝ Գյանջա, Ադրբեջան): 14 տարեկանում կորցրել է հորը և ստիպված է եղել օգնել մորը՝ աշխատելով դարբնոցում: Միայն տասնյոթ տարեկանում է սկսել զբաղվել մարմնամարզությամբ, իսկ 1956 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
1950-ականների կեսերից Ազարյանը դարձել է իր ժամանակի ուժեղագույն մարմնամարզիկը օղակների վրա վարժություններում: 1953 թվականին Լենինգրադում նա առաջին անգամ կատարել է եզակի մի տարր՝ «խաչը», որը հետագայում ստացել է «Ազարյանական խաչ» անվանումը և դարձել համաշխարհային մարմնամարզության դասական նմուշ:
1952-1962 թվականներին 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, որոնցից 8-ը՝ օղակների վրա վարժությունում: 1954 և 1958 թվականներին Ազարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1956 և 1960 թվականներին՝ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները: Նրա տեխնիկան և ուժը նրան դարձրել են օղակների անգերազանցելի վարպետ, իսկ անունը հավերժ մտել է սպորտի պատմության մեջ:
2000 թ. Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ: 2004 և 2008 թթ․ նրան է վստահվել Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կրելու իրավունքը։
Ազարյանը երկար տարիներ գլխավորել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: 2001 թվականին Երևանի քաղաքապետարանը մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցն անվանակոչել է նրա անունով:
2022 թվականին այդ դպրոցի բակում կանգնեցվել է լեգենդար մարմնամարզիկի կիսանդրին, որի բացմանը ներկա էր հենց ինքը՝ 93-ամյա Ազարյանը:
Ալբերտ Ազարյանը ոչ միայն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն էր, այլև կայունության, ուժի և սպորտին նվիրվածության խորհրդանիշ: Նրա «խաչը» դարձել է կյանքի ուղու փոխաբերություն՝ ծանր, հսկայական ջանքեր պահանջող, բայց դեպի փառքի գագաթները տանող: Նա թողել է հարուստ ժառանգություն, որը շարունակում է ոգեշնչել հայ մարզիկների սերունդներին։