Անրի Վեռնոյ. Ֆրանսիական կինոյի լեգենդը
16 Հոկտեմբերի 2024, 23:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Անրի Վեռնոյը (իսկական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան) ծնվել է 1920 թվականին Թուրքիայում, իսկ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մարսել։ Նա ավարտել է Էքս-ան-Պրովանսի լիցեյը, իսկ հետո որոշ ժամանակ աշխատել է «Հորիզոն» շաբաթաթերթում՝ որպես լրագրող:
Քառասունականների վերջից սկսել է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել։1951 թվականին Վեռնոյը նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Սեղան մեռածների համար» ( ըստ Մարսել Էմեի), որը նրան մեծ համբավ է բերել։
Իր կինոկարիերայի ընթացքում նա նկարահանել է ավելի քան 60 ֆիլմ Ֆեռնանդելի, Ժան Գաբենի, Իվ Մոնտանի, Ալեն Դելոնի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլ դերասանների մասնակցությամբ։
Շառլ Ազնավուրի հետ միասին մասնակցել է ֆրանսիացի 90 երգիչների և դերասանների մասնակցությամբ տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին, որոնք կատարել են Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգը: Երգի խոսքերի հեղինակը Շառլ Ազնավուրն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը հենց Անրի Վերնոյն է:
«Հինգ տարեկանից մոմեր եմ վառել հայկական եկեղեցիներում։ Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այլ նաև մշակույթ։ Գիտե՞ք, երգել եմ մեր մեծն Կոմիտասի պատարագը։ Իսկ եթե ես եկեղեցու զավակ եմ, ուրեմն նաև հայ մշակույթի զավակ եմ»,- ասել է ռեժիսորը։
Վեռնոյը «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերի ռեժիսորն է։ Այս ֆիլմերում նա իր ընտանիքի օրինակով պատմում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ։ Ֆրանսիական «Paris Match» ամսագիրը «Մայրիկ» ֆիլմն անվանել է «եվրոպական կինոյի ամենաթանկ ստեղծագործությունը»: Ի դեպ, այս աշխատանքները դարձան Վերնոյի վերջին ստեղծագործությունները կինեմատոգրաֆում:
Ֆրանսահայն իր վերջին տարիներն անցկացրել է Ժնևի լճի ափին գտնվող իր առանձնատանը, որտեղ ազատ ժամանակ զբաղվել է իր սիրելի հոբբիով ՝ քանդակագործությամբ և գեղանկարչությամբ:
Անրի Վեռնոյը մահացել է 2002 թվականի հունվարի 11-ին։
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն իր ցավակցությունն է հայտնել Վեռնոյի ընտանիքին և ասել. «Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»։
Մարսելի հրապարակներից մեկը կրում է Անրի Վեռնոյի անունը։ Իսկ 2015 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում փողոցներից մեկն անվանվել է ի պատիվ ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչի։ Փողոցը սկսվում է Ամիրյան փողոցից (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտից) և ավարտվում Կարեն Դեմիրճյան փողոցում։