«Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»-ը ընդունելության է հրավիրում

21 Օգոստոսի 2023, 16:58

Կրթություն

Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամը իրականացնում է 2023-2024 ուսումնական տարվա 1-ին դասարանի, նախադպրոցական խմբերի և արհեստագործական ուսումնարանի ընդունելության գործընթաց։

«Հաշվի առնելով վառելիք չլինելը՝ Արցախի Հանրապետության շրջաններում բնակվող և արհեստագործական ուսումնարան դիմելու, մասնագիտություն ստանալու ցանկություն ու կամք ունեցող անձանց Ստեփանակերտ գալու անհնարինությունը` բացառիկ հնարավորություն է ընձեռնվում մինչև օգոստոսի 25-ը փաստաթղթերն ուղարկելու 097121112 և 097261447 հեռախոսահամարների Viber կամ WhatsApp հավելվածներին։ Այն ապագան սեփական ձեռքերով կերտելու հնարավորություն է։ Ընդունելությունը կկազմակերպվի «Կարի արտադրության տեխնոլոգիա» (հիմնական կրթության հիմքով՝ 15, միջնակարգ կրթության հիմքով՝ 10 անվճար տեղ), «Փայտագործություն» (հիմնական կրթության հիմունքով՝ 15, միջնակարգ կրթության հիմքով՝ 10 անվճար տեղ), «Խոհարարական գործ»(հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ), «Գործավարություն»(միջնակարգ կրթության հիմքով՝ 10 անվճար տեղ), «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում»(հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ), «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»(հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ) և «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում»(հիմնական կրթության հիմքով՝ 15 անվճար տեղ) մասնագիտություններով։ Շրջափակման հետևանքով մեր գործունեությունը չի տուժել, ունենք անհրաժեշտ ամեն ինչ։ Օրինակ` «Կարի արտադրության տեխնոլոգիա» և «Փայտագործություն» մասնագիտությունների ուսուցանման համար հաստատությունը լիարժեքորեն հագեցած է»,- «Արցախպրեսի» հետ զրույցում մանրամասնել է «Անոտինա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի գլխավոր տնօրեն Տաթև Զախարյանը։

Նա նշել է, որ ուսուցումը հիմնական կրթության հիմքով կիրականացվի անվճար` 3 տարի տևողությամբ, իսկ միջնակարգ կրթության հիմքով՝ վճարովի՝ 1 տարի տևողությամբ: Բոլոր ուսանողներն անխտիր կստանան ամսական 4600 դրամ կրթաթոշակ, իսկ բնակվարձերի փոխհատուցումը կիրականացվի յուրաքանչյուրի համար 15 000 ՀՀ դրամի չափով։ Կրթահամալիրի շրջանավարտները կստանան պետական նմուշի դիպլոմ: Դիպլոմը ծառայելու է նաև որպես ավագ դպրոցի ատեստատ և հնարավորություն է ընձեռնելու դիմել ցանկացած միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություն։