Անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ

31 Մայիսի 2024, 16:32

Քաղաքականություն

Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է տեղի ունեցածը և հորդորում թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թե՛ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած փորձից:

Պաշտպանը ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։