Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը ելույթ կունենա Հարավային Ամերիկայում՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
26 Հունիսի 2024, 09:50
ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանն այսօր Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Մոնտեվիդեոյի հեղինակավոր և ամենահայտնի Սոլիս համերգասրահում։ Համերգին հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը, դիրիժորը Ալվարո Հակոբյանն է, մենակատարը՝ Հայկ Մելիքյանը։ Համերգը նվիրվում է Արամ Խաչատրյանի հիշատակին։
Այնուհետև հունիսի 28-ին դաշնակահարը կուղևորվի Բուենոս Այրեսի Բեթհովեն համերգասրահ, որտեղ էլ հանդես կգա մենահամերգի ձևաչափով՝ «Հայկական գունապնակ» խորագրով, որի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործությունները, այդ թվում՝ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Սարյանի, Դելլալյանի, Յոլչյանի և այլոց։