Անվտանգության ներկայիս սպառնալից հռետորաբանությունը բխում է տարածաշրջանում ուժերի անհավասարակշռությունից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

19 Ապրիլի 2024, 20:14

Քաղաքականություն

Անվտանգության ներկայիս փխրունությունը և սպառնալից հռետորաբանությունը բխում է տարածաշրջանում ուժերի անհավասարակշռությունից։ Խորապես համոզված ենք, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռություն պետք է հաստատվի։ Ապրիլի 19-ին Որոտանի միջազգային փորձագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը հավելել է, որ Հարավային Կովկասն աշխարհի ռազմավարական տարածաշրջաններից մեկն է։

«Հարավային Կովկասը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում է, ինչը նրան դարձնում է կենսականորեն կարևոր աշխարհաքաղաքական կենտրոն։ Հաշվի առնելով Իրանի և Հարավային Կովկասի փոխադարձ կարևորությունը՝ Իրանը վճռականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության հաստատման օգտին, քանի որ ցանկացած անկայունություն անմիջականորեն վնասում է Իրանին»,- նշել է դեսպանը։