Անընդունելի է, որ Հ1-ի քաղաքականությունը հնազանդությամբ իրագործում է նաև նրա թղթակցական կետն Արցախում. հայտարարություն
11 Հուլիսի 2023, 12:32
Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գոյաբանական խնդիր լուծող Արցախը զերծ չէ նաև լրացուցիչ հոգեբանական ճնշումներից, որոնք գալիս են նաև Հայաստանից: Հայտարարության մեջ անընդունելի է համարվում, որ Հ1-ի քաղաքականությունը հնազանդությամբ իրագործում է նաև նրա թղթակցական կետն Արցախում: Հայտարարության մեջ ասվում է.
«Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից չեն հնչում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները, իսկ օրերս էլ, ընդհանրապես, Արցախ անվանումը, ինչն անթաքույց ձևով ներդաշնակվում է ադրբեջանական խոսույթի հետ:
Ակնհայտ է, որ նման քաղաքականությունն ակամա քողարկված ձևով տանում է դեպի համակեցության պարտադրանք, ներարկում անընդունելի օրակարգ: Նման մոտեցումը ոտնահարում է արցախահայության իրավունքները և աղավաղում փաստացի կարգավիճակը բնորոշող տերմինաբանությունը:
Կրկնակի անընդունելի է, որ հեռուստաընկերության նման քաղաքականությունը կիսում և չարդարացված հնազանդությամբ իրագործում է նաև հեռուստաալիքի թղթակցական կետն Արցախում:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նման դիրքորոշումը և կոչ անում հարգել Արցախի Հանրապետության գործող Սահմանադրությունն ու վերանայել որդեգրված քաղաքականությունը»։