Անընդունելի և առոչինչ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Արցախի ԱԺ

22 Մայիսի 2023, 23:51

Կարծիք

Արցախի Ազգային ժողովը անհանգստացած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր՝ մայիսի 22-ին, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած հայտարարությամբ։

Արցախի ԱԺ-ն քիչ առաջ արտահերթ նիստում ներկայացրեց խորհրդարանական ուժերի դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի այսօրվա մամուլի ասուլիսում արված հայտարարությունը, որում նա վերահաստատեց իր պատրաստակամությունը Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում՝ խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում։

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ամրագրումները Արցախի մասին, առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողվրդական կամարտահայտությամբ եւ որեւէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի եւ առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն եւ դրա հիման վրա կազմված որեւէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղությունից։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ Հայասատնի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ անկալվների անվան տակ Ադրբեջանին զիջելու ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք Հայաստանի եւ Արցախի նախկին ու գործող նախագահներին, կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի մայիսի 22-ի արած հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»,- ասվում է Արցախի Ազգային ժողովի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում հաստատել էր՝ Ադրբեջանի 86, 600 քառակուսի կմ-ում ներառված են նաեւ Լեռնային Ղարաբաղն ու, այսպես կոչված, անկլավները։

Մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի դեպքում 29, 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանի՝ 86, 600 քառակուսի կմ։