Ապաշրջափակման պահանջով Արցախում անցկացվող շարժումն ուղղորդված է Հայաստանի իշխանության կողմից. Վիգեն Սոսիկյան

21 Հուլիսի 2023, 22:15

Քաղաքականություն

Արցախում ապաշրջափակման պահանջով անցկացվող համաժողովրադական շարժումը, որին մասնակցում է նաեւ Արցախի ղեկավարությունը, ուղղորդված է Հայաստանի իշխանությունների կողմից:

Alpha News-ի եթերում նման կարծիք հայտնեց ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Սոսիկյանը:

«Հնարավոր չէ ասել՝ ես սատարում եմ Արցախին, բայց, միեւնույն ժամանակ, չխոսել այն իշխանության մասին, որն Արցախը հանձնում է ցեղասպաններին: Եթե կա ինչ-որ հավաք, ցույց, որտեղ ասում են՝ բացեք ճանապարհը, բայց չեն խոսում ինքնորշման իրավունքի իրացման մասին, չեն խոսում, թե ինչի հետեւանքով են հայտնվել այդ իրավիճակում ու չեն խոսում այն մասին, որ պետք է ստիպողաբար հասնել ճանապարհի բացմանը, ինձ համար հստակ է, թե ովքեր են ուղղորդում այդ  ցույցերը, խոսքը Հայաստանի իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի մասին է»,- ասաց Վիգեն Սոսիկյանը:

Նրա համոզմամբ՝ Արցախի ապաշրջափակմանը պետք է հասնել Երեւանում՝ բողոքի ցույցեր կազմակերպով ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, ինչի հետեւանքով Արցախը հայտնվել է օրհասական վիճակում:

«Հակառակ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, Ադրբեջանը, երկու օր չանցած, անցակետ տեղադրեց: Իսկ եթե Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ճանաչում է նաեւ Ալիեւի իրավունքը՝ փակելու իր սահմանը: Ալիեւները 30 տարի նույնն են մնացել, միակ բանը, որն այս իրականության մեջ փոխվել է, Նիկոլ Փաշինյանի ներկայությունն ու քայլերն են: Այսօր Արցախի շրջափակման, սովամահության եզրին գտնվող 120 հազար ժողովրդի ճակատագրի հանցավորը Նիկոլ Փաշինյանն է: Մինչեւ մենք չընդունենք այդ դժբախտ իրականությունը, որ մեր իշխանությունը այսպիսի տեղ է հասցրել մեր ազգին, մենք քայլ չենք կարող անել:

Արցախի Ազգային ժողովը մի քանի անգամ շատ սուր հայտարարություններ է արել, եթե Արցախի ղեկավարությունը միանա նույն ոճով, անշուտ կարելի է համախմբվել, կլինի այն կայծը,  որպեսզի Երեւանում գործ արվի: Ժողովուրդը պետք է հավաքվի  Երեւանում եւ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հանձնման գործընթացի, որը նաեւ բերելու է Հայաստանի վնասին, պետք պայքար սկսի»,- նշեց Վիգեն Սոսիկյանը:

Հիշեցնենք՝ արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին:

Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: