ԱՊՀ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու պատճառը Ղարաբաղում տեղի ունեցածն է. Նիկոլայ Տոպորնին

13 Հոկտեմբերի 2023, 23:45

Քաղաքականություն

Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դոցենտ Նիկոլայ Տոպորնինը Alpha News-ին մեկնաբանել է Ղրղզստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Փաշինյանի հրաժարվելու պատճառը Ղարաբաղում տեղի ունեցածն է։

«Պատճառը պարզ է՝ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, երբ Ադրբեջանը ուժով լուծեց հարցը եւ հիմա մենք գիտենք, որ Ղարաբաղը դառնում է Ադրբեջանի տարածք։ Կարծում եմ՝ սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը որոշել է այնտեղ չգնալ։ Փաշինյանը մեղքը բարդեց և ասաց, որ ոչ ոք, առաջին հերթին, Ռուսաստանը, չի օգնել Հայաստանին, երբ նման իրավիճակ է ստեղծվել, և, համապատասխանաբար, սկսել է ավելի շատ շփվել Ֆրանսիայի հետ, Եվրամիության հետ, ամեն դեպքում, մենք տեսնում ենք նման շփումներ, սկսել է նրանց խնդրել՝ ռազմական օգնություն ցուցաբերել:

Իհարկե, այս ֆոնին, երբ Փաշինյանն այսպես դիրքավորվեց, գուցե նրա ներկայությունը բարձր գնահատականի չարժանանար: Եթե աստիչանաբար ցանկանում է ուժեղացնել համագործակցությունը եվրոպական երկրների հետ, ապա ինչո՞ւ գնալ Բիշքեկ։ Ի՞նչ դրական բաներ կարող են տեղի ունենալ այնտեղ: Հայաստանի վարչապետը, հավանաբար, նույնիսկ նեղացել է ոչ այնքան Ռուսաստանից, որքան կառույցներից, ՀԱՊԿ-ից, քանի որ Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանին իրականում ոչ ոք չի օգնել։ Հասկանալի է, որ Հայաստանն ամենից շատ հույսը դնում էր Ռուսաստանի վրա, բայց Ռուսաստանից բացի, ՀԱՊԿ-ի կազմում են նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Բելառուսը։ Հավանաբար, նա ուզում էր այս երկրների ավելի հստակ դիրքորոշումը, և նրանք ինչ-որ կերպ իրենց դրսևորեցին՝ բոլոր երկրները չեզոք դիրք գրավեցին, և ասացին, որ պետք չէ կրակել խաղաղ բնակիչների վրա, բայց երբ ռազմական գործողություններ սկսվեց ադրբեջանցիների և հայերի միջև, բոլորը լուռ էին», — ասել է Տոպորնինը:

«Ի հավելումն ՝ Պուտինի հետ եղան նաև սուր խոսքեր: Այս ֆոնին Փաշինյանը մտածեց, որ ի՞նչ իմաստ ունի գնալը, ի՞նչը կարող է օգտակար լինել այնտեղ Հայաստանի համար։ Փաշինյանը նման դժգոհություն է կուտակել, և դա իրեն զգացնել է տալիս այս տեսքով։ Նա, թերևս, հարց է տալիս թե՛ Ռուսաստանին, թե՛ մյուս պետություններին, որ եթե ցանկանում եք, որ Հայաստանը շարունակի համագործակցել ձեզ հետ, ապա պետք է փոխեք ձեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,- եզրափակել է փորձագետը։

Հիմա եթերում