ԱՊՀ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
03 Հոկտեմբերի 2023, 13:45
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ակնկալում է, որ անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, գրում է ria.ru-ն:
Մեկնաբանելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Բիշքեկի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր ներկայությունը՝ Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ գործադիր կոմիտեն տեղեկություն չունի, որ այլ երկրներ, բացի Ուկրաինայից և Մոլդովայից, հրաժարվում են մասնակցել։
«Ինչ վերաբերում է մնացածին, մենք տեղեկություն չունենք, որ որևէ մեկը կհրաժարվի մասնակցությունից: Համենայն դեպս, այն տեղեկատվությունը, որը մենք հիմա ունենք, հուշում է, և մենք հուսով ենք, որ այդպես է, որ երկրների մեծ մասը, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, ներկայացված կլինեն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ խորհրդի նիստը Ղրղզստանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 13-ին։ Նախօրեին տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։