ԱՊՀ պետություններին էական վնաս չի սպասվում. Ազա Միհրանյանը՝ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանման մասին
11 Ապրիլի 2025, 16:51
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր Ազա Միhրանյանը Alpha News-ին մեկնաբանել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած առևտրային մաքսատուրքերն ինչպես կազդեն հետխորհրդային երկրների տնտեսությունների վրա։
«Կարծում եմ, որ տարածաշրջանի երկրների վրա անմիջական ազդեցություն չի լինի, քանի որ այսօրվա դրությամբ սակագների փոփոխությունների հետ կապված տուրբուլենտությունը հիմնականում ընդգրկում է միջազգային առևտրով զբաղվող խոշոր կորպորացիաների շահերը։ Հետևաբար, այսօր, հաշվի առնելով հետխորհրդային երկրների՝ ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառության տեսակարար կշռի ոչ էական ծավալները, մենք հնարավորություն ունենք ժամանակի ընթացքում դիտարկել, թե ինչպես են փոխվում ազդեցություններն ու ծավալները, ինչպես նաև առևտրի հոսքերի ուղղությունը տարածաշրջանի երկրների համար:
Կան փոքր մատակարարումներ Հայաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, եթե գնահատենք մատակարարվող ապրանքների ծավալները, ապա ամենամեծ ծավալը մոտ տասը միլիոն է, հետևաբար, համեմատության համար, հաշվի առնելով ԱՄՆ ապրանքաշրջանառության միլիարդավոր դոլարները, դրանք աննշան թվեր են։ Իսկ եթե ենթադրենք, որ այդ դրույքաչափերը կգործեն միջնաժամկետ հեռանկարում առնվազն վեց ամիս և ավելի, ապա, բնականաբար, ակնկալելու ենք մատակարարումների ծավալների նվազում, մատակարարվող ապրանքների գների բարձրացում և, համապատասխանաբար, պահանջարկի նվազում՝ հաշվի առնելով մատակարարումների ծավալների աննշան լինելը»,- նշել է Միհրանյանը։
Նրա խոսքով՝ դա կհանգեցնի նրան, որ տարածաշրջանի երկրներն, ամենայն հավանականությամբ, կփորձեն վերաուղղորդել այդ մատակարարումներն այլ շուկաներ:
«Գուցե դրանք կլինեն եվրոպական շուկաներ, ԱՊՀ և ԵՄ երկրների ներքին շուկաներ: Այնուամենայնիվ, համաշխարհային շուկաներում հումքային արտադրանքի փոքր ծավալների պահանջարկը մնում է բավականին կայուն, ուստի հենց ԱՊՀ երկրների համար էական վնաս չենք ակնկալում»,- ասել է Միհրանյանը:
Փորձագետը միաժամանակ նշել է, որ Հայաստանում տեղի ունենա սփյուռքից ստացվող փոխանցումների կրճատում:
«Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա այստեղ երկարաժամկետ հատվածում հնարավոր է սփյուռքից ստացվող ներդրումային օգնության նվազում, որը իրականացնում են արտաքին խաղացողները, այդ թվում՝ առանձին ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Եթե սփյուռքի օգնությունը կրճատվի, ապա կարող ենք ակնկալել պահանջարկի և բնակչության վճարունակության անկում»,- եզրափակել է Միհրանյանը։