Ապրիլի 1-ից կփոխվի ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման վճարների հաշվարկման կարգը
16 Փետրվարի 2024, 08:45
Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր նորմատիվները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման ժամանակ վճարումների հաշվարկման կարգին:
ՌԴ կառավարության պաշտոնական տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ պետք է խստացվեն այն ավտոմեքենաների նկատմամբ միջոցառումները, որոնց արժեքը արհեստականորեն նվազեցվել է ԵԱՏՄ երկրներում մաքսազերծման ժամանակ:
Նման մեքենաներն այժմ ենթակա են վերամշակման ավելացված վճարի, որը ներառում է չվճարված հարկեր և տուրքեր:
Այժմ վերամշակման վճարը կներառի բոլոր չվճարված հարկերն ու տուրքերը, ինչը նախապայման կդառնա ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար:
Դաշնային մաքսային ծառայությունը լիազորություններ է ստացել վերահսկելու այս գանձման հաշվարկման ճիշտությունը: Կառավարությունը կհաստատի չվճարված հարկերի և տուրքերի հաշվարկման հատուկ բանաձև։
Այդ փոփոխությունների ներդրումը նախատեսում է նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների պարտադիր մաքսազերծում Ռուսաստանում։