Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսում նախաձեռնել ենք 3 հիմնական արարողություն. Հաջյան
18 Ապրիլի 2025, 22:20
Արգենտինայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն կանցկացվի։Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արգենտինայի «Հայ կենտրոն»-ի մամուլի և հաղորդակցության գծով քարտուղար Ալեքս Հաջյանը։
Նրա խոսքով՝ Արգենտինայում կա բավականին մեծ հայկական համայնք, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան Թուրքիայում կազմակերպված ջարդերի արդյունքում հայերը ստիպված եղան գաղթել իրենց բնակավայրից:
«Արգենտինայում մեծ թվով հայեր կան։ Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են։ Հայերն իրենց միասնականությամբ կարողացան այստեղ հայկական մեծ գաղութ ստեղծել՝ պահպանելով մշակույթն ու ավանդույթները։ Միայն 5 եկեղեցի ունենք մայրաքաղաք Բուենոս Այրեսում, 7 դպրոց, կան մի շարք մշակութային կենտրոններ։ Պաշտոնական թիվ չկա, բայց մոտավոր այստեղ բնակվող հայերի թիվը 150․000 է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս տարի Արգենտինայում, ինչպես միշտ, անցկացվելու են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։
«Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Արգենտինայում ապրիլի 24-ին միջոցառումներ են սպասվում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում այդ օրը աղոթում ենք մեր նահատակների համար, նաև հուշարձան ունենք, գնում ենք այնտեղ, ծաղիկներ դնում և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցում։ Այս տարի հավաքվելու ենք նաև Թուրքիայի դեսպանի կեցավայրում՝ հիշեցնելու 1915թ-ի ոճրագործությունը»,- ասել է մեր զրուցակիցը: