Ապշում եմ Փաշինյանի անպատկառության վրա, որ այդքան զիջումներից հետո դեռ մնում է. Սեդա Մելքումյան
13 Հունիսի 2024, 13:25
Իշխանությունները պետք է հրաժարական տան, բավական է, մեր ժողովուրդն այդքան ռեսուրս չունի, որ դիմադրի թե՛ իրենց, թե՛ թշնամուն, իրենք պետք է հեռանան: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիներից Սեդա Մելքումյանը:
«Ժողովրդական աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը փոխարենը զարգացներ ու հզորացներ Հայաստանը, նա իր կադրային քաղաքականությամբ տապալեց կառավարումը: Մեր հողերը նվիրեց թշնամուն՝ պարտվողական պատերազմ վարելու պատճառով: Փաշինյանն Արցախն անպաշտպան թողեց, այն դեպքում երբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր: Մեր էդքան զոհերի արյունը առոչինչ դարձրեց: Ես ապշում եմ այդ մարդու անպատկառության վրա, որ այդքանից հետո նայում է հասարակության աչքերի մեջ ու ոչ միայն հրաժարական չի տալիս, այլեւ շարունակում է պարտվողական քաղաքականություն վարել»,- ասաց Սեդա Մելքումյանը:
Ցուցարարը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց նաեւ անգործության ու հասարակությանը պառակտելու մեջ:
«Իշխանությունը զավթել են ու ոչինչ չեն անում, իրենց միակ գործը պառակտելն է ու իրենց մեղքը հների, ժողովրդի ու Բագրատ Սրբազանի վրա գցելն է»,- նշեց Սեդա Մելքումյանը: