Առաջարկեցին ստանձնել Լաթաքիայում պետական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը. ես ընդունեցի. Պալյան
29 Ապրիլի 2025, 22:00
Օրերս Մինաս Պալյանը ընտրվել է Սիրիայի Լաթաքիա քաղաքի պետական հիվանդանոցի տնօրեն։ Alpha News-ը զրուցել է հենց Պալյանի հետ։
«Ես Լաթաքիայում աշխատում եմ 1995թ-ից ի վեր, բայց, իհարկե, սովորել եմ Հայաստանում և ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Մասնագիտությամբ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բժիշկ եմ և երկար տարիներ եղել եմ Լաթաքիայի պետական հիվանդանոցի Աղեստամոքսային բաժանմունքին վարիչը։ Եվ երբ առաջարկ եղավ լինել հիվանդանոցի տնօրենը, սիրով ընդունեցի»,- նշել է Պալյանը։
Նորընտիր տնօրենի խոսքով՝ Լաթաքիայում հայ բժիշկները շատ չեն։
«Լաթաքիայում, ի տարբերություն Հալեպի, շատ հայ բժիշկներ չկան, ունենք 3-4 ատամնաբույժ, իսկ թերապեվտ միայն ես եմ։ Լաթաքիայի պետական հիվանդանոցում ինձնից բացի ևս մեկ հայ բուժքույր և բուժեղբայր ունենք։ Նաև նշեմ, որ այս հիվանդանոցում մարդկանց անվճար են բուժում»,- ընդգծել է Պալյանը։