Առաջարկում եմ ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ ուսումնասիրելու ՀԷՑ-ի անջատումների քանակը․ Դավիթ Ղազինյան
02 Ապրիլի 2026, 15:45
Երբևէ չեք գտնի այնպիսի հայտարարություն, որտեղ «Տաշիր կապիտալ»-ը, ՀԷՑ-ը հայտարարած կլինեն, որ ամբողջությամբ վերազինել են ենթակայանները և այլևս խնդիր չունեն։ Այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով Alpha News-ի այն դիտարկմանը, թե ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն ամեն շաբաթ հրապարակում է վատ վիճակում գտնվող ենթակայանների լուսանկարները՝ նշելով, որ բաշխիչ ցանցը ոչ միայն ծայրահեղ վատ վիճակում է, այլև տեխնիկապես և բարոյապես մաշված է։
«Երբ վատը ներկայացնում ես, պետք է լավն էլ ներկայացնես։ Հիմա ես առաջարկում եմ ստեղծել եռակողմ հանձնաժողով, այսինքն՝ սեփականատիրոջ ներկայացուցիչները, հանձնաժողովի ներկայացուցիչները և ժամանակավոր կառավարիչի ներկայացուցիչները, մոնիտորինգ անենք, որի ընթացքում ցույց կտանք, թե ինչ ներդրումներ են կատարվել և ինչքան ենթակայաններ են վերանորոգվել»,- նշել է Ղազինյանը։
Նրա խոսքով՝ 2025 թ-ի չորրորդ եռամսյակում 2024-ի համեմատ 40%-ով ավելացել են էլեկտրաէներգիայի անջատումները։
«Ես առաջարկում եմ նաև, որ այդ հանձնաժողովն ուսումնասիրի անջատումների քանակը, և դուք կտեսնեք, որ իրենք ներկայացնում են իրենց ուզած ինֆորմացիան»,- եզրափակել է Ղազինյանը։