Առաջատարները, որոնցից ակնկալում էինք բարձր արդյունքներ, արդարացրին սպասելիքները. Գրիգոր Բարսեղյան
23 Հունիսի 2023, 13:28
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ամփոփել է թիմի ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում:
Լեհաստանում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը 10-րդ տեղն է զբաղեցրել: Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է Իռլանդիայի հավաքականը, Ավստրիան ցույց է տվել երկրորդ, իսկ Իսրայելը՝ երրորդ լավագույն արդյունքը:
«Ներկայացուցչական կազմով՝ 21 մարզիկ-մարզուհիներով մասնակցեցինք Եվրոպական խաղերին. դա պայմանավորված էր նրանով, որ զուգահեռ ընթանում էր նաև Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, ուստի հնարավորություն էինք ստացել մեծաքանակ պատվիրակությամբ հանդես գալու:
Բոլոր ուժեղագույնները, բացառությամբ արագավազորդ տղաների, որոնք վնասվածքներ ունեին, մասնակցում էին Խաղերին: Թիմի մյուս առաջատարները, որոնցից սպասում էինք առանձնակի արդյունքներ, լիովին արդարացրեցին իրենց՝ Երվանդ Մկրտչյանը, Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը ….
Կառանձնացնեի 4×400 մետր փոխանցավազքը, որին մեր հավաքականն առաջին անգամ մասնակցեց, ու թեև զբաղեցրինք 5-րդ հորիզոնականը, բայց ազգային ռեկորդ սահմանեցին: Ազգային ռեկորդ սահմանեց նաև Էլլադա Ալավերդյանը 3000 մետր խոչընդատավազաքում: Ընդհանուր առմամբ մրցելույթներից գոհ եմ, հնարավորությունների սահմանում լավ հանդես եկանք, թեև վերջնարդյունքում կարող էինք ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել»,- ասում է մարզիչը:
Եվրոպական ամառային խաղերի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի աթլետիկայի հավաքականը, որը մասնակցելու է Բալկանյան երկրների առաջնությանը: Եվս երկու մարզիկ՝ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը, հուլիսին Չինաստանում մասնակցելու են Համաշխարհային ուսանողական խաղերին: Առաջիկայում անցկացվելու է նաև մեծահասակների աշխարհի առաջնությունը: