Շիրակի մարզի ամբողջ ոստիկանական ուժերը լցվել էին Կիրանց․ Գեղամ Մանուկյան

21 Մայիսի 2024, 00:07

Քաղաքականություն

Առաջիկայում հայտարարություն է լինելու, որ Նիկոլ Փաշինյանին տրված ծննդյան վկայականը անօրինական է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության այն հայտարարությանը, թե անշարժ գույքի կադաստրային վկայագրերը Կիրանցի բնակիչներին նախկինում սխալմամբ են տրվել։

«Չեմ բացառում՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մտերմագույն ընկեր Գրիգոր Մինասյանի ղեկավարած նախարարությունն առաջիկայում նոր հայտարարություն է անելու, որ Նիկոլ Փաշինյանին և նրա մի շարք աջակիցներին տրված ծննդյան վկայականներն անօրինական են, կեղծ են ու չունեն իրավական ուժ»,- նշել է պատգամավորը։

Ինչ վերաբերում է Կիրանցում ոստիկանական ուժերին, Գեղամ Մանուկյանն ասել է, որ ոստիկանական անհավասար ուժեր՝ սև, կարմիր և տարբեր երանգների բերետավորներ էին հավաքվել Կիրանցի մուտքի մոտ․

«Այսօր նաև երևում էին տարբերանշաններով ոստիկաններ՝ Շիրակի մարզի ամբողջ ոստիկանական ուժերը լցվել էին Կիրանցի ու հարակից մի քանի գյուղերի տարածքներ՝ Սարիգյուղից սկսած մինչև Կիրանց ամբողջ ճանապարհը փակ է պահել ոստիկանությունը»։

Նա նաև հայտնել է, որ ոստիկանները դրոններով հետևելիս են եղել սեփական երկրի պատգամավորների տեղաշարժին։

«Երեկվանից ոստիկանությունը սկսեց պարտիզանների դեմ պայքար, որովհետև երեկ, երբ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներով հասանք այնտեղ, պարզ դարձավ՝ այնքան ոստիկաններ են լցվել այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհին, որ շատ դժվար է լինելու այդտեղով անցնել։ Տարբեր ուղիներով՝ սարեր-ձորերով պատգամավորները խումբ-խումբ ուղևորվում էին գյուղ։ Ոստիկանները նաև դրոններ են օգտագործել։ Նրանք անօդաչու թռչող սարքերով սեփական երկրի խորհրդարանի պատգամավորների տեղաշարժին էին հետևում»,- ասել է Գեղամ Մանուկյանը։