Առաջնային խնդիրը Բերձորի միջանցքը բացելն է. Վարդան Շահմարյան

11 Օգոստոսի 2023, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Չպետք է Բերձորի միջանցքի անխափան աշխատելու դրույթը որեւէ այլ ճանապարհի հետ փոխարինել՝ լինի Աղդամի, թե Ֆիզուլիի ճանապարհը: Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Վարդան Շահմարյանը՝ շեշտելով, որ առաջնային խնդիրը Բերձորի միջանցքը բացելն է: Շահմարյանը համոզված է՝ Արցախի համար Ռիսկերը կնվազեն, երբ բացվի Լաչինի միջանցքը:

«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ միջանցքը պետք է բացվի։ Եկե՛ք վերանանք ամենից։ Դիցուք, գտնվում ենք մի իրավիճակում, որը մեզ բավարարում է, միգուցե այնպիսի պայմաններ լինեն, որ կարողանանք քննարկել այլընտրանքային ճանապարհի տարբերակը։ Մեր պահանջը պիտի լինի այն, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, եւ պետք չէ Բերձորի միջանցքի անխափան աշխատելու դրույթը որեւէ այլ ճանապարհի հետ փոխարինել՝ լինի Աղդամի, թե Ֆիզուլիի ճանապարհը,-ասել է նա։

Շահմարյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը բացվելու ռիսկերը կկրճատվեն, եթե բաց լինի Բերձորի միջանցքը։ «Բայց եթե մենք չոր կանգնենք ու ասենք՝ որ չպետք է բացվի այլընտրանքային ճանապարհը, միգուցե ճիշտ չընկալվենք։ Մենք պետք է ձգտենք նրան, որ Լաչինի միջանցքը բացվի։ Թե դրա դիմաց ինչ ես տալիս կամ ինչ են տալու, այդ ամենը բանակցություններում կշեռքի վրա դնելով՝ պիտի որոշում կայացնել»,- շարունակել է Վարդան Շահմարյանը։

Նա ներկայացրել է նաեւ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման առաջիկա ծրագրերն Արցախում. «Մենք չենք կտրվել մեր արմատներից, կրոնից, արժեքներից։ էլեկտրաէներգիայի պակասի պատճառով մարդիկ հնարավոր է՝ բնակարանները ձմռանը ջեռուցեն փայտով։ Սկսել ենք նախագիծ, որի շրջանակում պետք է վառարաններ տրամադրենք մարդկանց։ Մշակման փուլում է նաև հանրային սննդի մատուցման նախագիծը, օրինակ, տարեցներին կամ թիրախային այլ խմբերին կօգնենք, որոնք չենք կարողանում ինքնուրույն սնունդ հայթայթել»: