Արամ Ա կաթողիկոսն Արցախի ժողովրդի իրավունքների թեմայով համաժողով է հրավիրել Անթիլիասում

14 Ապրիլի 2024, 22:32

Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ժողովրդի իրավունքների թեմայով համաժողով է հրավիրել, որը տեղի է ունենալու ապրիլի 20-22-ին Անթիլիասում, հաղորդում է կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը։

«Ադրբեջանի ցեղասպանական արարքները և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման խնդիրները» խորագրով համաժողովին հրավիրված է երեք տասնյակ հոգի՝ պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ և քաղաքագետներ Հայաստանից, Արցախից և այլ երկրներից։

Հրավիրյալների թվում են Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն, Հայաստանի նախկին արտգործնախարար, ներկայում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հանձնաժողովի նախագահ Վարդան Օսկանյանը և Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը։

«Համագումարի թուական նկատի առնուած է Ապրիլը՝ շեշտելու համար Ցեղասպանութեան անպատժելիութեան իբրեւ հետեւանք շարունակուող ցեղասպանութիւններու համամարդկային սպառնալիքը եւ Թուրքիոյ աջակցութեամբ Ազրպէյճանի իրականացուցած ցեղասպանական գործողութիւնները՝ Արցախի մէջ»,- նշված է հաղորդագրությունում։