Արամ Ա Կաթողիկոսը Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց թեմի առաջնորդից հետաքրքրվել է հրդեհի հետևանքով տուժած հայերի մասին
09 Հունվարի 2025, 12:40
Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ արք. Խաչերյանի հետ և իր մտահոգությունը հայտնել Լոս Անջելեսում բռնկված հսկայածավալ հրդեհի հետևանքների վերաբերյալ։
Ինչպես տեղեկանում ենք կաթողիկոսարանի «Cilicia TV»-ի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը հետաքրքրվել է այնտեղ բնակվող հայերի մասին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահի դրությամբ ուժգին փոթորիկն ու քամին նպաստում են, որ հրդեհն առավել ծավալվի՝ հակառակ հրշեջների գործադրած ջանքերին:
Հուժկու հրդեհն առավել տարածվում է Փասադենայի, Գլենդելի և Լա Քրասենթայի հայաշատ շրջաններում: Ըստ տեղեկությունների՝ բազմաթիվ հայ ընտանիքներ արդեն իսկ ապաստան են գտել առավել ապահով շրջաններում:
Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, որոնք կցանկանան ապաստանել եկեղեցիներում: