Արամ Ա-ն և Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանում ստեղծված տագնապալի իրավիճակը

07 Փետրվարի 2024, 11:41

Քաղաքականություն

Արամ Ա․ Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի դեոսպանին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 6 Փետրուար 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Յունաստանի նորանշանակ դեսպանուհի Տէսփինա Քուքուլոփուլուն։

Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով ներկայացուց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կառոյցն ու առաքելութիւնը եւ անդրադարձաւ Լիբանանի ներկայ կացութեան ու յատկապէս տնտեսական տագնապին եւ նախագահական ընտրութեան առնչուած աշխատանքներուն։ Նորին Սրբութիւնը նաեւ խօսեցաւ անցեալ տարի Յունաստանի Թեմին շնորհած իր Հովուապետական այցելութեան եւ վարչապետին ու յոյն եկեղեցւոյ հոգեւոր պետին հետ ունեցած հանդիպումներուն մասին։

Դեսպանուհին, իր կարգին, Հայրապետին յայտնեց Յունաստանի կառավարութեան վարած ներկայ քաղաքականութիւնը՝ ընդհանրապէս Միջին Արեւելքը ու յատկապէս Լիբանանը յուզող հարցերուն գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։