Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդես է գալու որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ
08 Նոյեմբերի 2023, 13:17
Կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։ Տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», — տեղեկացնում է ANCA-ն՝ հիշեցնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին Արամ Ա Վեհափառ Հայրապետը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։
ANCA-ն նշում է, որ առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում և կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ: Այն կհեռարձակվի նաև ANCA-ի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում:
«Այն նախատեսվում է սկսել հինգշաբթի, նոյեմբերի 9-ին մոտավորապես ժամը 9:00-ի», — նշում է ANCA-ն: