Արամ Ա Վեհափառը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին
01 Դեկտեմբերի 2024, 12:28
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից:
«Այսօր ամբողջ օրվա ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակել է մոտիկից հետևել Հալեպում զինված խմբավորւմների հարձակման հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակին։
Վեհափառ Հայրապետը, մշտական կապի մեջ լինելով առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ, իր բարձր գնահատանքն է հայտնել նրանց, որ բարձրագույն աստիճանի պատասխանատու ոգով են հետևում հայ համայնքի բարօրությանը։ Հայտնենք, որ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։
Ընդդիմադիր զինյալներին ներկայացնող անհատները, այցելելով հայ և քրիստոնյա համայնքներին պատկանող բնակարաններ ու կենտրոններ, հայտնել են, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար դառնալ։
Նշենք նաև, որ առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալեպում և թէ՛ Քեսաբում, մեր ժողովրդի զավակներին կարգադրել են տանը մնալ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ», — ասված է հաղորդագրությունում։