Արամ Երկանյան․ «Նեմեսիս» գործողության հերոսն ու արդարության մարտիկը

21 Ապրիլի 2025, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Արամ Երկանյանը ծնվել է 1900թ. մայիսի 20-ին Օսմանյան կայսրության հնագույն Էրզրում քաղաքում: Նա Սարգիս Երկանյանի և Մարիամ Սողոյան-Երկանյանի բազմազավակ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արամի մանկությունն անցել է Էրզրումում, սովորել է տեղի դպրոցում։ Նա դեռ պատանի էր, երբ Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի զանգվածային տեղահանության ու կոտորածների ականատեսն է դառնում։ Հայերի ջարդերն անջնջելի հետք են թողնում երիտասարդ տղայի կյանքի վրա։

1917թ-ին երիտասարդ Արամ Երկանյանը միացել է Բաշ-Ապարանի ճակատամարտում լեգենդար գեներալ Դրոյի գլխավորությամբ մարտնչած հայ կամավորների շարքին: 1918 թվականին միացել է Դաշնակցություն կուսակցությանը, որտեղ առանցքային դեր խաղաց «Նեմեսիս» գործողության մշակման գործում, որն Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանում Հայոց ցեղասպանության մեղավորներին վերացնելու համարձակ ծրագիր էր:

Հայ հեղափոխականը հայտնի է դարձել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը մասնակից Օսմանյան գործիչ Բեհաեդդին Շաքիրի դեմ հաշվեհարդարի գործողությանն իր մասնակցության շնորհիվ: Երկանյանը նաև անհավանական քաջություն է դրսևորել՝ մասնակցելով զանգվածային սպանությունների հրամաններ արձակած Ֆաթալի Խան Խոյսկիի վերացմանը։ Արամ Երկանյանի սխրանքը դարձել է արդարության և հատուցման համար մղվող խիզախ պայքարի օրինակ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Երկանյանը ստիպված է եղել լքել հայրենիքը։ 1927 թվականից ապրել է Բուենոս Այրեսում, որտեղ խմբագրել է տեղի «Հայաստան» թերթը՝ հավատարիմ մնալով իր իդեալներին:

Արամ Երկանյանը կյանքից հեռացել է 1934թ. օգոստոսի 2-ին: