Արամ Մանուկյան. Հայ ժողովրդի մեծագույն զավակը

19 Մարտի 2025, 23:05

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

1879 թվականի մարտի 19-ին ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր ներկայացուցիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը։

Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան), ծնվել է Զեյվայում (այժմՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ): Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը:

Երիտասարդ տարիքից, դեռ Շուշիում, ապա Երևանում թեմական դպրոցում սովորելու տարիներին, Արամ Մանուկյանը քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել՝ անդամակցելով Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը։ 1901-1903 թվականներին ակտիվորեն քարոզել է հեղափոխական գաղափարներ Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում։

1905-1915 թվականներին ապրել է Վանում, որտեղ ղեկավարել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Թուրքական հարձակումը հետ մղելուց հետո նա դարձել է Վանի նահանգապետ, որը տևել է 70 օր։ Ցարական զորքերի նահանջից հետո կազմակերպել է Վասպուրականի հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան, իսկ 1916-1917 թվականներին օգնել է փախստականներին՝ աշխատելով Թիֆլիսում՝ Հայոց ազգային բյուրոյում։

1917-ի վերջին գործուղվել է Երևան՝ որպես Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչ։ 1918 թվականի մարտին, ստանալով արտակարգ լիազորություններ, ղեկավարել է թուրքական ագրեսիայի դեմ պայքարը և հաջողությամբ կազմակերպել քաղաքացիական և ռազմական կառավարումը Երևանում։
1918թ. Մայիսյան ճակատագրական, ծայրահեղ ծանր օրերին, երբ թուրքական զորքերը ներխուժել էին Արարատյան դաշտ և անմիջականորեն սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երևանին, երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, Արամը չընկրկեց: Նա մինչև վերջ մնաց անկոտրում, լավատես, գործնական և կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչների ու ժողովրդի մեջ բորբոքել պայքարի ոգին: Արդյունքում կազմակերպեց Սարդարապատի և Բաշ Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։

Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին նա նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության Երևանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)։ Նոր կառավարությունում Արամ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնին եղել է մինչև մահը։

Նա իր կյանքը նվիրել է հայրենիքին ծառայելուն, նրա ազատության ու անկախության համար պայքարին։ Նրա կազմակերպչական բացառիկ ունակությունները զգալի հետք են թողել Հայաստանի պատմության մեջ։

Արամ Մանուկյանը մահացել է 1919 թվականի հունվարի 29-ին, 39 տարեկան հասակում, տիֆից, որով վարակվել է, երբ ճամբարներում օգնում էր հայ փախստականներին։