Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ՝ Սանկտ Պետերբուրգում
22 Փետրվարի 2024, 08:48
Սանկտ Պետերբուրգի Արևմտյան ռազմական օկրուգի սպաների տանը տեղի է ունեցել «Երաժշտությունը սրտի գործ է» խորագրով համերգ՝ նվիրված հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ և դիրիժոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
Արամ Իլյիչի երաժշտությունը հնչել է բանակի գեներալ Ա. Վ. Խրուլևի անվան նյութատեխնիկական ապահովման Ռազմական ակադեմիայի Զինվորական նվագախմբի կատարմամբ, ռազմական դիրիժոր՝ մայոր Դմիտրի Մալկով:
Ծրագրում ընդգրկված էին նաև քիչ հայտնի ստեղծագործություններ:
Համերգային ծրագիրը սկսվել է «Զանգեզուրի երթով»։ Այն գրվել է 1938 թվականին հայկական առաջին հնչյունային ֆիլմերից մեկի՝ «Զանգեզուրի» համար։
Այս երթը երկար տարիներ հնչել է Կարմիր հրապարակում անցկացվող շքերթների ժամանակ։