Արամայիս Հարությունով. Ականավոր գյուտարարն ու գործարարը

21 Հունիսի 2024, 22:39

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Գյուտարար Արամայիս Հարությունովը ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում։ Հարությունովի հայրը մարմարե օճառ արտադրող «Հարությունովի օճառի գործարան»- ի սեփականատերն էր։ Նրա ցուցանմուշը՝ Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու տեսքով, 1900թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Ի դեպ, Արամայիսի պապիկը մորթիների առևտուր էր անում։ Նրանց ընտանիքը բավականին ազնվական էր։

Արամայիս Հարությունովը սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, բարձրագույն կրթությունը ստացել է Սանկտ-Պետերբուրգի պետական անտառ-տեխնիկական համալսարանում, որն ավարտել է ժամկետից շուտ` երեք տարում:

Արդեն 1911 թվականին Արամայիս Հարությունովը հիմնել է իր առաջին ընկերությունը՝ «Հարությունովի ռուսական էլեկտրական դինամո ընկերությունը»։

20-րդ դարի սկզբին հայը կատարելագործել է նավթի արդյունահանման պոմպը։ Ավելի ուշ նա տեղափոխվել է ԱՄՆ։ Հարությունովը «Phillips Petroleum Company»-ի աջակցությամբ հիմնադրել է «Bart Manufacturing Company» ընկերությունը, որը 1930 թվականին վերանվանվել է «REDA Pump»։ Այն երկար տարիներ եղել է նավթի արդյունահանման համար սուզվող պոմպերի շուկայի առաջատարը։

Հարությունովը հիանալի հետազոտող էր, ով ցույց տվեց, որ էլեկտրաէներգիան կարող է արդյունավետ օգտագործվել գրեթե ցանկացած աշխատանքում: Ուսումնասիրության նպատակն էր կիրառել հետազոտության արդյունքները նավթի հորատման վրա և բարելավել հնացած մեթոդները, որոնք կիրառվում էին 1900-ականների սկզբին Ռուսաստանում։

Արամայիս Հարությունովի առաջարկած տեխնոլոգիաները արագորեն առաջատար տեղ են գրավում նավթի արդյունահանման մեջ։ Նրա պոմպերն աշխատում էին հարյուր հազարավոր հորերում ողջ Ամերիկայում: Նա հորինել և ստացել է արտոնագրեր իր սարքավորումների համար․ ընդհանուր առմամբ, ստացել է ավելի քան 90 արտոնագիր։

Տաղանդավոր հայ գյուտարարը մահացել է 1978 թվականին ԱՄՆ-ում: