Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, խաղաղություն չի՛ լինելու. Արցախի պատգամավորը՝ ԱՄՆ դեսպանին

04 Հուլիսի 2023, 20:00

Քաղաքականություն

Արցախի խորհրդարանի իշխող՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը բացասական է գնահատում Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը,  թե հավատում է, որ Արցախի հայերը անվտանգ և խաղաղ կապրեն Ադրբեջանի կազմում:

«Սա եւս մեկ անգամ խոսեց այն մասին, որ ամերիկյան միջնորդությամբ տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունները հենց այդ ուղղությամբ են իրականացվում, ինչի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք: Ամերիկյան կողմը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին։  Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման իրենց առաջ քաշած օրակարգով չի կարող լինել խաղաղություն: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ տարածաշրջանում խաղաղություն լինի»,- ասաց Արթուր Հարությունյանը:

Արցախցի պատգամավորի խոսքով՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը ենթադրում է արցախյան հիմնահարցի ոչ արդարացի լուծում, մինչդեռ Արցախում ակնկալում են արդարացի եւ վերջնական արդյունք: 

«Անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ, ըստ այդմ էլ, չեն կարող որեւէ արդարացի եւ վերջնական լուծում ունենալ այդ օրակարգով իրականացվող բանակցությունները»,- նշեց Հարությունյանը:

Արցախի պատշտոնյան ընդգծեց՝ ամերիկյան եւ բրյուսելյան հարթակներում  ընթացող բանակցություններում չի քննարկվել Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքի իրացման հարցը, բայց Արցախում չեն շեղվելու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից:

«Առանց ինքնորոշման իրավունքի իրացման՝ տարածաշրջանում այդքան երազած խաղաղությունն ու կայունությունը, որի մասին խոսում են միջնորդները՝ չի լինելու: Իրականում, դա բերելու է նոր էսկալացիայի ու լարվածության»,- ընդգծեց Արթուր Հարությունյանը: