Առանձնապես խանդավառված չեմ եղել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմամբ, բայց հիմա կտրականապես դեմ եմ դա ապամոնտաժելուն. Աղազարյան
08 Մայիսի 2023, 17:13
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ մենք չպետք է տրվենք սադրանքներին։
«Ճիշտն ասած՝ ես առանձնապես չեմ ողջունել այդ քայլը, այսինքն, հուշարձանի տեղադրումը, բայց նաև կտրականապես դեմ եմ՝ որևէ արտաքին միջամտության հետևանքով հուշարձանի ապամոնտաժում անեն: Իհարկե, դեմ եմ հուշարձանը հանելուն: Էլի եմ կրկնում՝ այդ քայլով չեմ խանդավառվել, բայց ինչ-որ եղել է, դա մեր ներքին գործն է և հետևաբար չեմ հանդուրժի իմ մասով որևէ արտաքին միջամտության արդյունքում դրա ապամոնտաժմանը», — ասաց Աղազարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ չի խանդավառվել հուշարձանի տեղադրմամբ, Աղազարյանը պատասխանեց. «Այն աշխարհաքաղաքական իրողությունում, որում այսօր մենք ենք գտնվում, կարծում էի, որ ավելի լավ էր դա արվեր մի որոշ ժամանակ հետո»:
Նա նաև ավելացրեց, որ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել, որովհետև դեռ նման օրակարգային իրավիճակ չի ստեղծվել:
«Չգիտեմ, թե այդ դեպքում Թուրքիան ինչ քայլերի կգնա: Սակայն, ինչ քայլեր էլ որ անի, դա միջազգային հարաբերությունների տեսանկյունից չմտածված քայլ կլինի: Դա կնշանակի, որ իրենք իրապես նպատակ են հետապնդում տարածաշրջանում հարաբերությունների լավացման առիթը օգտագործելով, իրենց ծավալապաշտական նկրտումները բավարել:
Դա անընդունելի գործելաոճ է», — ասաց իշխանական պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը սխալ որոշում է եղել: