Արաքս գետը աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով. Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոն

21 Հունիսի 2023, 08:50

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով Արաքս գետի աղտոտման և Արաքսի մերձակա տարածքի բնակիչների առողջությանը սպառնացող վտանգի մասին հաղորդումների հրապարակումից հետո, Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտարարեց, որ այս գետը մշտապես և ամեն տարի ենթարկվում է մոնիտորինգի և աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով, գրում է parstoday.ir-ը:

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի հայտարարության համաձայն՝ Արաքս գետը վերջին անգամ ստուգվել է մոտ երեք ամիս առաջ, և այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտման դեպքի։

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, անդրադառնալով ԶԼՄ-ներից մեկի տեղեկատվությանը Արաքս գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մասին, հայտարարել է․

«Արաքս գետը մշտապես ենթարկվում է մոնիտորինգի՝ ճառագայթային, ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ դեպքերի առումով, և շուտով այդ տարածքում կտեղադրվեն առցանց մոնիտորինգի սարքեր»:

Երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պարզաբանումներում նշվում է.

«Հաշվի առնելով Արաքս գետի շրջակայքում բնակվող հայրենակիցների մտահոգությունները՝ երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը շեշտում է, որ Արաքս գետը տարին առնվազն մեկ անգամ ենթարկվում է ճառագայթային մոնիտորինգի»։

Ըստ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պատասխանատուների և փորձագետների՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի և նշված տարածքի միջև հեռավորությունը շատ մեծ է, և այս ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի և կեղտաջրերի Արաքս գետ արտահոսելու և այն աղտոտելու հնարավորություն չկա: