«Արարատ-Արմենիան» և Վարդան Բիչախչյանը չեն երկարաձգի պայմանագիրը

10 Հունիսի 2023, 00:20

Սպորտ

«Արարատ-Արմենիայի» և գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը չեն երկարաձգել այն, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բիչախչյանին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար ու մաղթում ենք հաջողություն»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Վարդան Բիչախչյանը երևանյան թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տարել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» զբաղեցրել էր երրորդ տեղը՝ նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։