Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը չեն մասնակցի ՀԱՊԿ նիստին
21 Նոյեմբերի 2023, 21:45
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․
«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»:
Լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։