Լավրովն ու Միրզոյանը ուղերձներ են փոխանակել ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի առթիվ

03 Ապրիլի 2025, 13:11

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով:

ՀՀ ԱԳ նախարարի՝ ՌԴ գործընկերոջը հասցեագրված ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:

Այս՝ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։

Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Լավրովն իր հերթին հայ գործընկերոջը շնորհավորելիս ասել է, որ Ռուսաստանին և Հայաստանին, չնայած այլ երկրների կողմից իրենց հարաբերությունները խարխլելու փորձերին, հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքական համակարգման բարձր մակարդակը և մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը:

Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ գործընկերության հետագա խորացմանը, գործընկերության արդյունավետության բարելավմանը՝ ի շահ ռուս և հայ ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման:

Լավրովը Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ բոլոր աշխատակիցներին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ երկրի ժողովրդին՝ բարգավաճում: