Արարատ Միրզոյանը պետք է շրջվեր և հեռանար Վաշինգտոնի բանակցություններից. Սեմյոն Բաղդասարով
28 Հունիսի 2023, 21:53
Ադրբեջանական կողմը ուղղակի թքած ունի, թե որտեղ են ընթանում բանակցությունները՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե մեկ այլ տեղ։ Նա խնդրի ուժային լուծման քաղաքականություն է որդեգրել։ Alpha News-ի հետ զրքույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին, կրկին ԱԹՍ-ներ է կիրառել՝ Արցախում սպանելով չորս հայի։
«Դրան նպաստեց նաեւ նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո Էրդողանի այցը Բաքու, ինչը ոգեշնչեց նրա գործընկերոջը, եւ նրանք միասին ուժի միջոցով խնդիրը լուծելու կուրս որդեգրեցին»։
Բաղդասարովն ընդգծել է, որ Հայաստանի արտգործնախարարը, ի նշան բողոքի, առնվազն պետք է շրջվեր ու Վաշինգտոնից անմիջապես Երեւան վերադառնար։
Ըստ ամենայնի, դա խնդրի վրա ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրելու միակ միջոցը կլիներ։
Եթե, իհարկե, հայկական կողմը, ընդհանրապես, ցանկանում է ինչ-որ բանի հասնել ամերիկյան կողմից»,- նշել է Բաղդասարովը։