ARARAT թանգարանում բացվել է «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը
02 Հուլիսի 2023, 10:30
«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը ARARAT թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը։
Նախագծի հեղինակները վերընթերցել են հայկական «Սասնա Ծռեր» էպոսը և համաշխարհային այլ էպոսներ և առանձնացել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։
«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր» ստեղծագործությունները պատմում են աստվածների ու հերոսների մասին։ Սակայն հերոսական սխրանքները, հրաշապատում դեպքերն ու տպավորիչ կերպարները բանահյուսության ու գրականության այս հինավուրց տեսակի լոկ առաջին շերտերն են, իսկ խորքում՝ արժեքների պատմությունն է։
Յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ։ Այս առանձնահատկությունն էլ հնարավորություն է տալիս էպոսը ստեղծող ժողովրդին ճանաչելու ինքն իրեն, ապա նաև բացում տարբեր ժողովուրդների միմյանց արժեքների ճանաչողության ճանապարհները։
Մարդկության մշակութային այս մեծ ժառանգությունն այսօր վերընթերցվում է արհեստական բանականության կողմից։ Եվ հավերժական արժեքների ու նոր տեխնոլոգիաների այս բացառիկ համադրությունը ARARAT թանգարանը ներկայացնում է իր այցելուներին։