«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մանուկների համար մշակութաժամանցային միջոցառում է կազմակերպվել

11 Հունիսի 2023, 21:15

Հայեր

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 9-ին, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կազմակերպվել է մշակութաժամանցային միջոցառում երեխաների համար: Միջոցառումն ուղեկցվել է մանուկների երգ ու պարով, նրանց են այցելել նաև սիրված մուլտհերոսներ, այնուհետև նրանք վայելել են նաև բացօթյա տիկնիկային ներկայացում: Առանձին տաղավարներում երեխաները իրենց սիրելի զբաղմունքով ժամանցի հնարավորություն ունեցան, հայտնում է Artsakhtert.am-ը։

Ցուցադրվել են նաև Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները: Տեղի է ունեցել նաև հյուրասիրություն պաղպաղակով ու քաղցրավենիքով, ինչպես նաև երեխաները նվերներ են ստացել: Միջոցառումը նախատեսված էր հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով այն հետաձգվեց:

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հունան Թադևոսյանի խոսքով՝ հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսմեկյան ծրագիրն առաջին անգամ է իրականացվում, բայց այն շարունակական բնույթ կունենա.

«Արարիչ հիմնադրամը փորձում է տոնական օրերին իր նախաձեռնությամբ իրականցվող ծրագրերն ավանդույթ դարձնել»,-նշեց Հ. Թադևոսյանը: