Արասի Բալաբանյան․ Բրազիլական սերիալների թագուհին
22 Փետրվարի 2024, 23:10
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 22-ին բրազիլահայ հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը կդառնար 84 տարեկան:
Դերասանուհին ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Կամպո Գրանդի քաղաքում հայկական ընտանիքում։ Հայրն ու մայրը հեռացել են հայրենիքից՝ հասցնելով փրկվել 1915 թվականի Ցեղասպանությունից։
Ծնողները ցանկանում էին իրենց դստերը կոչել Արաքս գետի անունով, բայց որպեսզի նրա անունը մի փոքր մոտեցնեն իր երկրորդ հայրենիքին, նրանք անունից հանել են մեկ տառ: Հարավային Ամերիկայի հնդկացիների լեզվով «Արաս» նշանակում է «լույսի մայր»։
Բալաբանյանն ընդունվել է հասարակական գիտությունների ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը, սովորել դրամատիկական արվեստի դպրոցում և գերազանցությամբ ավարտել։
«Բարոնի կմախքը» ներկայացումից հետո նորաթուխ շրջանավարտ Արասի Բալաբանյանը սկսել է համարվել Բրազիլիայի հեռանկարային դերասանուհիներից մեկը:
Դրանից հետո հաջորդել են մի շարք վառ դերեր այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Անտոնիո Մարիան», «Նոր զոհը», «Մեծ մեղքը» և այլն։
Արասին խաղացել է իր ամենահաջողված թատերական դերերից մեկը՝ ելույթ ունենալով ամերիկյան ականավոր «Hair» մյուզիքլի բրազիլական տարբերակում։ Դրանից հետո Արասիին հրավիրել են բրազիլական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդմանը՝ «Սեզամ փողոցին»։ 1974թ-ին Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո Արասին սկսել է համագործակցել հանրահայտ «Globo TV» ընկերության հետ։ Արասիի մասնակցությամբ «Globo TV»-ի ամենագլխավոր նախագծերից մեկը 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելն է։
1996 թվականին Արասի Բալաբանյանը ստացել է մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը «Նոր զոհը» հեռուստասերիալում ներկայացնելու համար։