Արայիկ Հարությունյանի կոչը նման է նրա՝ Շուշին կորցնելու ժամանակ արված կոչին. Վլադիմիր Գրիգորյան
20 Հուլիսի 2023, 20:37
«Արցախի՝ կրիտիկական կետին մոտենալու վկայությունը Արցախի նախագահի՝ համաժողովրդական շարժմանը միանալն էր»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, հիշեցնելով՝ նախագահն ասել է, որ եթե խնդրի շուրջ տեղաշարժ չլինի, ապա գնալու են ավելի կոշտ քայլերի:
Գրիգորյանը զուգահեռ է անցկացնում Արայիկ Հարությունյանի՝ համաժողովրդական շարժմանը միանալու կոչի ու 2020-ին արված կոչի միջև, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ թշնամին մոտեցել է Շուշի քաղաքին:
«Նման իրավիճակում այլևս շաբաթների և ամիսների հնարավորություն մենք այլևս չունենք»,- մտավախություն է հայտնում Գրիգորյանը: Նախագահի խորհրդականն ընդգծում է՝ ինքն էլ են հասկանում՝ պետք են այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն հարցի դրական տեղաշարժին:
Գրիգորյանը հիշեցնում է, որ Արցախում չկա էլեկտրաէներգիա և գազ, և այսպես շարունակվելու դեպքում, դժվար է ասել, թե որքան կդիմակայի Արցախը: «Մեզ անհրաժեշտ են հրատապ գործողություններ, հրատապ միջոցառումների շարք»,- ընդգծում է խորհրդականը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է իրականացվեն:
Վլադիմիր Գրիգորյանի խոսքով՝ արցախցիները և Հայասատանի շատ քաղաքացիներ, արդեն գիտակցել են, որ սա Արցախի կողմից նախաձեռնվող, եթե ոչ վերջին, ապա պայմանականորեն ասված՝ «նախավերջին» ճիգերն են:
«Եղել են ժամանակներ, երբ Արցախում շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարվել են, այժմ պետք է համընդհանուր աջակցություն»:
Հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալը, բացատրվում է նրանով, որ պայքարի բոլոր գործիքակազմերը այլևս սպառվել են և նախագահը ստիպված դիմել է այս քայլին, նրա խորհրդական դրական պատասխան է տալիս. «Այո՛, մենք հուսով ենք, որ կկարողանանք որոշակի ձևով իրավիճակների վրա ազդել»:
Նա վերահաստատում է Արցախի նախագահի խոսքերը՝ եթե չլինեն իրավիճակի թուլացման ազդակներ, ապա Արցախն անցնելու է այլ գործողությունների: Վլադիմիր Գրիգորյանը, որը նաև Հայաստանում Արցախի համաժողովրդական շարժման հայաստանյան կազմակերպիչներից մեկն է, ընդգծում է՝ հայաստանցիների մասնակցությունը իրենց կազմակերպած ակցիաներին, բավարար չէ. «Միանշանակ, արցախցիների համար հաճելի կլիներ տեսնել, թե ինչպես են մայր հայրենիքի իրենց քույրերն ու եղբայրները սատարում արցախցիներին»:
Հարցին թե, ժամանակը չէ՞, որ Արցախն իր խնդիրների մասին ավելի ուղիղ խոսի Հայաստանի իշխանությունների հետ, Գրիգորյանը պատասխանում է. «Մենք դեռ սպասում ենք հետագա զարգացումներին, ըստ ստեղծված իրավիճակի, կարծում եմ, նախագահը կասի: Մեկ շաբաթը դեռ չի լրացել»: